Wednesday, May 20, 2009

Սաթենիկը ներկայանում է որպես Զվարթնոց համույթի պարուհի

Բերդ պարային անսամբլը պատրաստվում է մենահամերգի մայիսի 29-ին, և քանի որ մենք էլ ենք մեզ համարում արդեն պարուհիներ, հարկ ենք համարում զարգացնել մեր ճաշակը ներկա գտնվելով այդ համերգին: Մեր պարուսույց ընկեր Արմինեն անցյալ դասին ասաց, որ կարող ենք ձեռք բերել տոմսեր պրն. Գևորգյանից հաջորդ դասին սկսած 2000 դրամից: Մի քիչ փորձեցինք բարեխոսել, որպեսզի հրավիրատոմսեր վերցնենք, սակայն տեսնելով որ դա մեզ չի հաջողվի, որոշեցինք տոմսեր ձեռք բերել:
Սաթենիկը, ով բացակայում էր այդ օրը, սակայն քաջատեղյակ էր համերգից, զանգահարեց Օպերայի և Բալետի Թատրոն տոմսերի գներին ծանոթանալու համար: Պարզվեց, որ տոմսարկղերում տեղյակ չէին 2000 դրամանոց տոմսերի մասին, այնտեղ տոմսերի արժեքը սկսում է 4000-ից: <<Լավ, ուրեմն զանգահարեմ պրն. Գևորգյանին ու խնդրեմ, որ մեզ համար 2000 դրամանոց տոմսեր պահի>>, մտածեց Սաթենիկն ու զանգահարեց:
Ահա մոտավոր հեռախոսազրույցը Սաթենիկի և պրն. Գևորգյանի միջև:
- Բարև ձեզ, պրն. Գևորգյան:
- Բարև ձեզ:
- Սաթենիկն է խոսում Զվարթնոց Համույթից:
- Հմմմ, Սաթենիկը...Զվարթնոց Համույթից:
- Ես ճիշտն ասած համերգի տոմսերի համար եմ զանգահարել, մեզ համար կարո՞ղ եք 2000 դրամանոց տոմսեր պահել:
- Գիտեք, մենք չունենք 2000 դրամանոց տոմսեր, դա անհնար է, գնացեք և տոմսարկղից գնեք տոմսերը: Ես չեմ կարող ձեզ օգնել:
- Բայց, պրն. Գևորգյան, ընկեր Արմինեն մեզ ասաց, որ տոմսերն արժեն 2000 դրամ:
- Ինչ ընկեր Արմինե, - մտածում է պրն. Գևորգյանը:
- Պրն. Գևորգյան, ես Սաթենիկն եմ, մեր պարը սկսում է ժամը 8-ին...
Պրն. Գևորգյանը շփոթված նորից է ժխտում ու փորձում է քաղաքավարի կերպով ավարտել հեռախոսազրույցը: Սակայն Սաթենիկի համառ պնդմամբ նա մի պահ մտածում է...Զվարթնոց համույթ, ընկեր Արմինե, պարում են ժամը 8-ին...
- Օհ, ասացիք ինչպե՞ս է ձեր անունը:
- Սաթենիկ, Զվարթնոց Համույթից:
- Վայ, Սաթենիկ ջան, այո, իհարկե, ես էլ մտածեցի մյուս Զվարթնոց Համույթից են զանգահարում ու տոմս խնդրում: Իհարկե, ձեզ համար կպահեմ տոմսեր:
Պարզվեց, որ իրականում գոյություն ունի Զվարթնոց պարային համույթ, այն էլ Միացյալ Նահանգներում, ու պրն. Գևորգյանի ուշքն ու միտքը ավելի հեռուն էր սավառնել, քան մենք կարող էինք պատկերացնել:
Այսպես էլ է լինում...

No comments:

Post a Comment